Գլխավոր >> Նորություններ >> Մամիկոն Ղարիբջանյան. «Ամենամեծ հաճույքը երեխաների հետ աշխատելն է»

Մամիկոն Ղարիբջանյան. «Ամենամեծ հաճույքը երեխաների հետ աշխատելն է»

Կան մարդիկ, ովքեր ահռելի աշխատանք են կատարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում: Նրանց աշխատանքը մնում է ետնաբեմում, իսկ հետագայում արդյունքը տեսնում և գնահատում ենք բոլորը:

Մամիկոն Ղարիբջանյան՝ վաստակավոր մարզիչ-մանկավարժ, երկար տարիներ՝ ՀՖՖ հրահանգիչ: Մարդ, ով յուրաքանչյուր երեխայի հետ խոսում է նրա լեզվով: 

-Ո՞նց: Պիտի փոխհատուցե՞ր,- այսպես արձագանքեց մեր հարցին, թե ֆուտբոլն իրեն ինչով է փոխհատուցել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը նվիրած իր 43 տարիների դիմաց:

ՀՖՖ TV-ն զրուցել է բազմափորձ մասնագետի հետ, ով իր խորհուրդներն է տվել ներկայիս և ապագա մարզիչներին.

«Եթե դու սիրում ես, նվիրվում ես առանց սպասելու որևէ հատուցման: Իսկ ամենամեծ հաճույքը երեխաների հետ աշխատելն է. մաքուր թուղթ, որի վրա ոնց կարող ես, ոնց հասկանում ես, ոնց գիտես, գրում ես: Եթե երկար ես երեխայի հետ աշխատում, շատ բանով նմանվում է քեզ ու քո պահանջներին: Նրան լավ մարդ մեծացնելը առաջնահերթություն է: Կարող է լավ ֆուտբոլ չխաղա, բայց հասարակությանը պիտանի մարդ պարտավոր ես դարձնել: 

Մի բան է աշխատել 4 տարեկանի, մեկ այլ բան՝ 10 տարեկանի, 14 տարեկանի հետ: Տարիքի հետ դու սկսում ես հասկանալ՝ որն է ճիշտ ուղին, որն է այն ոսկե միջինը, որ դու պետք է պահես, որն է օգտակար, ինչ պիտի անես, ինչ չանես, ինչի վրա ուշադրություն դարձնես, առաջնահերթությունը որ հարցին տաս: Ամեն դեպքում, նույն տիպի երեխա չկա: Ամեն մեկն իր բնավորությամբ, իր դաստիարակությամբ է յուրահատուկ: Բայց վերջին հաշվով սա թիմային խաղ է: Ամենակարևորը մենք իրենց պետք է սովորեցնենք, թե ինչ է թիմային պահվածքը, լավ վերաբերմունքը դեպի ընկերը, դեպի խաղը, դեպի երկիրը, քանի որ այդ երեխան կարող է տարիներ հետո մեր երկիրը ներկայացնել միջազգային ասպարեզում, իսկ մենք չենք ցանկանա կարմրել մեր սանի պահվածքի համար, չէ՞:

Մարզիչ դառնալու համար միայն արտոնագիր ստանալը շատ քիչ է: Պիտի կարողանաս ստացած գիտելիքներն օգտագործել, իսկ արդեն արդյունքից կհասկանաս՝ ինչի ես հասել: Մինչև սեփական փորձի վրա չհիմնվես, չես հասկանա, թե որն է մարզչի հիմնական պարտականությունը, որն է ճիշտ պահվածքը, դերը և թե ինչն է առաջնահերթ: Դա գալիս է տարիքի հետ, փորձի հետ: 

Ցանկացած երեխայի համար իր մարզիչը հեղինակություն է: Երեխան գալիս է մարզադաշտ՝ արդեն իր մարզչին հարգելով, իսկ այդ հարգանքը պահելը կախված է մարզչից: Այն, որ երեխան ցանկություն ունի քեզ լսելու, հարգելու և ենթարկվելու, դա միանշանակ է: Մնացած ամեն բան կախված է քեզնից:

Մի շատ կարևոր բան ունեմ այսօր մարզիչներին հաղորդելու: Մարզիչը, որը խաղի ժամանակ բղավում է, խառնվում է խաղին, երեխայի գործողություններին և որոշումներին, չեմ կարծում, որ ճիշտ է վարվում: Մարզչի հիմնական գործը, այդ խառնվելը, ուղղություն տալը, խոսելը, ուղղելը մարզման ժամանակ պիտի լինի: 

Երբեք մի՛ փնովեք երեխային: Եթե դուք ինչ-որ բան եք ուզում ասել, ասեք կատարած գործողության մասին, ոչ անձամբ երեխայի հասցեին, որպեսզի անձնական վիրավորանք չզգա: Առաջնահերթ համարեք երեխայի շահերը, հետո նոր՝ ակումբի և ձեր: Երեխան պետք է անպայման առաջնահերթ դիրքում լինի: Եթե նա իրեն կարևոր զգա, անպայման կկատարի քո բոլոր ցուցումները: Բղավել պետք չէ:

Մարզիչներով հարգեք մեկդ մյուսին: Մի՛ փնովեք իրար: Ոչ մի երեխա չի ցանկանում, որ իր կողմից հարգված մարզչին մյուսը չհարգի, կամ՛ ավելորդ մի բան ասի: Երեխան ճիշտ է: Բոլոր մարզիչները պարտավոր են հարգել մեկը մյուսի աշխատանքը»:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ