Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները աշխարհի երիտասարդական առաջնություն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները աշխարհի երիտասարդական առաջնություն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

ՀՖՖ 05.06.2024 16:54

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին համատեղ հայտ կներկայացնեն ՖԻՖԱ՝
Աշխարհի 2029 թվականի երիտասարդական (Մ-20) առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու նպատակով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին ՀՖՖ և ՎՖՖ նախագահները:


«Սա կարևոր հայտարարությունն է 2 երկրների ու 2 ֆեդերացիաների համար: Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բարիդրացիական հարաբերությունները և փայլուն փոխգործակցությունը տարբեր տարբեր ոլորտներում՝ 2 երկրների ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով և համատեղ հայտի շուրջ աշխատանեքները սկսել արդեն այսօր»-նշեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահը ներկայացրեց նաև հայտի նախապատմությունը. «Մենք Լևան Կոբիաշվիլիի հետ նախնական պայմանավորվածության էինք եկել անցյալ տարի, և երկու ֆեդերացիաների ղեկավար կազմերը հանդիպումներ են ունեցել Թբիլիսիում: Որոշում էր կայացվել հայտարարությունը անել Երևանում: Սա ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող խոշորագույն մրցաշարերից է: Եթե մեր հայտը հաղթի, մեզ համար մեծ պատիվ կլինի համատեղ անցկացնել մրցաշարը:  Բնականաբար, մենք նախնական խորհրդատվություններ ենք ունեցել ֆուտբոլը կառավարող մարմինների հետ՝ եվրոպական և համաշխարհային: Պետք է ասեմ, որ ՈւԵՖԱ-ն՝ եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը, արդեն իսկ հաստատել է, որ աջակցելու է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտին: Սա մեզ համար առաջին և շատ կարևոր քայլն է:

Այնուհետև լրագրողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներին: 

Հարցեր Արմեն Մելիքբեկյանին

-Գաղտնիք չէ, որ ենթակառուցվածքներն են կարևոր մրցաշարեր անցկացնելու համար: Արդյո՞ք պլանավորվում է Հայաստան-Վրաստան հիմնական ճանապարհի հատվածում որևէ մարզադաշտ կառուցել, օրինակ Իջևան-Դիլիջան հատվածում: Եթե ոչ, ո՞ր մարզադաշտերն են Հայաստանում լինելու հենակետային դերում: 


-Առաջին հերթին ասեմ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք կառավարության հետ այս հարցի շուրջ: Կառավարությունն աշխարհի առաջնությանն ընդառաջ հաստատված նախագծով առնվազն 2 մարզադաշտ կառուցելու ծրագիր ունի : Երկուսն էլ լինելու են Վրաստանի սահմանին մոտ: Նախնական քննարկումների արդյունքում, որը շատ շուտով կհաստատենք և արդեն պաշտոնապես կներկայացնենք, մարզդաշտերը լինելու են մեկը մոտավորապես Դիլիջան-Իջևան հատվածում, իսկ մյուսը՝ Լոռու մարզում, մեծ հավանականությամբ՝ Վանաձոր քաղաքում: Այս 2 ստադիոնների կառուցման կամ վերակառուցման շուրջ նախնական աշխատանքներն արդեն ԿԳՄՍ-ի կողմից սկսվել են: Մենք ավելի ուշ պարոն Կոբիաշվիլիի հետ կայցելենք ԿԳՄՍ նախարարին և գուցե վերջնական քննարկենք այդ նախագծերը: Օգտագործվելու է նաև «Հանրապետական» մարզադաշտը: Հույս ունենք նաև, որ կիրագործվի ազգային մարզադաշտի ծրագիրը, որի նախնական աշխատանքն արդեն սկսվել է և շատ շուտով կներկայացնենք մեր տեսլականը: Այս մեկը ևս կառավարության հետ ենք իրականանցնում: Հայաստանը, ըստ նախնական ծրագրի, կօգտագործի 4 մարզադաշտ: 

-Քանի որ մրցաշարն անցկացվելու է 2029 թվականին, նշանակում է, որ դրան մասնակցելու են ներկայիս 14-15 տարեկան ֆուտբոլիստներ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ տարիքային հավաքականները զարգացնելու ուղղությամբ:

-Արվելու է այն, ինչ հիմա արվում է: Խոսքը միայն այդ տարիքի մասին չէ, մենք պետք է նույն կերպ մտածենք այլ տարիքային ֆուտբոլիստների մասին: Սխալ կլինի կենտրոնանալ միայն այդ տարիքի վրա բոլոր տարիքային ֆուտբոլիստներն էլ մեր ֆուտբոլիստներն են: Այն զարգացման ծրագիրը, որը մենք ունենք, մենք գործի ենք դնում և անընդհատ փորձում ենք փոփոխություններ անել: Բայց հայտը շահելու դեպքում ձևաչափը հասկանալուց հետո, մենք արդեն կհասկանանք, թե ինչ ծրագիր ենք նախատեսում: Որովհետև եթե Հայաստանի և Վրաստանի հավաքականները մասնակցելու են մրցաշարին, իհարկե այլ տիպի ծրագիր պետք է կազմվի այդ հավաքականի համար: Այն, ինչ մենք հիմա անում ենք, կարող եք տեսնել: Մենք կտրուկ ավելացրել ենք մեր 14 և 15 տարեկանների հավաքականների մասնակցությունը Զարգացման մրցաշարերին: Այս տարի արդեն ունեցել ենք զարգացման մրցաշարեր, տարվա վերջին ևս կունենանք և, իհարկե, միջազգային հանդիպումների քանակի ավելացում այդ տարիքի ֆուտբոլիստների համար մեզ մոտ նախատեսվում է:

- Պարոն նախագահ, արդյո՞ք կա կապ այս համագործակցության ու ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի հաջողության միջև, որը կարողացավ որակավորվել ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլ։ 

-  Առաջին հերթին, ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, իմ շատ լավ ընկերոջ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ուրախ եմ, որ այս հայտարարությունն այս հրաշալի օրով Երևանում ենք անում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո՛, Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ որակավորվել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ և ինչպես գիտեք, ես ոչ միայն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ, այլև ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ ու տեղյակ եմ, որ ՈՒԵՖԱ-ն աջակցում է ՀՖՖ-ին տարատեսակ նախաձեռնություններում, միաժամանակ իր գոհունակությունն է հայտնում ՀՖՖ-ին գործադրած ջանքերի ու ծրագրերի համար։ Միաժամանակ հուսով եմ, որ մի օր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ևս կկարողանա մեծ մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել․ այդ հարցում ես բոլորիդ ամենայն բարիք եմ մաղթում։ 

-  (Արձագանքում է նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը)

-  Մեկ գործոնի մասին էլ կցանկանայի խոսել։ Այս առումով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բավական փորձ են կուտել վերջին տարիներին մեծ մրցաշարեր անցկացնելու հարցում։ ՎՖՖ-ն Մ19 և Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերի կազմակերպման փորձ ունի, մենք էլ մեր հերթին՝ Մ19 տարեկանների Եվրոպայի, ինչպես նաև Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլի։ Մեր միջազգային գործընկերներն էլ, կարծում եմ, որ գիտեն՝ մենք բավական լավ ենք այդ մրցաշարերն անցկացրել, կողմերի միջև կա փոխվստահություն, որ կարող ենք ավելի լուրջ մակարդակի միջազգային մրցաշարեր ընդունել։   

-  Պարոն Կոբիաշվիլի, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդգծեց, որ վրացական կողմը մեծ մրցաշարեր ընդունելու փորձ ունի։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ի՞նչ հիմնական խնդիրներ կան, որոնց հանդիպում է ընդունող կողմը և կարող եք այդ փորձով մեզ հետ կիսվել։ 

-  Ինչպես իմ ընկեր Արմենը նշեց, այո՛, մենք իրոք ունենք նման մասշտաբի մրցաշարեր կազմակերպելու փորձ։ Նախորդ տարի մենք Ռումինիայի հետ համատեղ անցկացրինք Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունը և կարող եմ ասել, որ դա անհավանական լուրջ փորձառություն էր մեզ համար։ Դա նպաստում է երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, քանի որ այդ մրցաշարերի անցկացումից հետո ենթակառուցվածքները մնում են՝ ծառայելով ներքին առաջնությունների անցկացմանը։ Այդ առումով նման մրցաշարերը ևս կարևորվում են։ Ես վստահ եմ, որ համատեղ լավ աշխատանքի դեպքում մենք կարող ենք հաջողել նաև այս դեպքում։ 

-  Կա՞ արդյոք պատկերացում, թե որ երկրներն են լինելու մրցաշարն ընդունելու հարցում մեր հիմնական մրցակիցները։ 

-  Այս պահին, կարծում եմ, չկան։ Մենք առաջին երկրներն ենք, որ հայտարարել ենք ցանկության մասին ընդունելու այդ մրցաշարը, և մեկ բան կարող եմ հավելել, որ ՈՒԵՖԱ-ն Եվրոպայից պաշտպանելու է հենց մեր համատեղ հայտը։ Սա մեզ համար շատ կարևոր փաստ է․ մեզ հավաստիացրել են՝ ինձ և Կոբիաշվիլիին, որ հաշվի առնելով, թե ինչպես ենք աշխատել և ինչ արդյունքներ ցույց տվել, Եվրոպան մեզ կաջակցի, իսկ դա շատ կարևոր է։ 

-  Եվս մեկ հարց արդեն ժամկետների վերաբերյալ․ ե՞րբ է հաստատման մասին հայտարարությունը լինելու։

-  Մենք վերջնական հաստատում դեռևս չունենք ՖԻՖԱ-ից, սակայն նախնական գիտենք, որ այս մինչև այս տարվա վերջ կամ գալիք տարվա սկիզբ մենք ստանալու ենք պաշտոնական ձևաթուղթը պաշտոնապես դիմելու համար: Հուսանք, որ այդ մասին կհայտարարվի 2025-ին։ Սա նախնական ծրագիրն է, ու հնարավոր են փոփոխություններ ՖԻՖԱ-ի ծրագրերում, բայց մեր պատկերացումներն այնպիսին են, որ 2025 թվականին կլինի համապատասխան հայտարարություն՝ ով է ընդունելու մրցաշարը։ 

-Բավականին լուրջ նախաձեռնություն է։ Մեծ մրցաշար, որն ընդունելը մեծ պատիվ է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը և այն, որ նման մրցաշարը մեծ ենթակառուցվածքներ է ենթադրում, այդ թվում ոչ միայն խաղերի համար ստադիոններ, այլև համապատասխան մարզադաշտեր մարզումների համար, ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու։

-Շատ կարևոր հարց էր։ Մեզ նաև հարկավոր են մարզումային խաղադաշտեր։ Այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ տանում ենք։ Դուք գիտեք, որ դարձյալ կառավարության հետ համատեղ՝ կառավարության աջակցությամբ ու ֆինանսավորմամբ ՀՖՖ-ն ունի նախագիծ Իջևանում կառուցելու ֆուտբոլի ակադեմիա, որը լիարժեքորեն կօգտագործվի արդեն Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության ժամանակ։ Նման ծրագրեր կան Երևանում, Մարտունիում և Արտաշատում։ Այսինքն, տարածաքային առումով Երևանում խաղացող թիմերը նույնպես կկարողանան օգտվել դրանցից։ Ամենից զատ չմոռանանք, որ ունենք Ավանի ակադեմիան իր բազմաթիվ մարզումային դաշտերով։ Քայլ առ քայլ մենք այդ ուղղությամբ գնում ենք և գալիք տարի հայտը ստանալու դեպքում արդեն ավելի հստակ պատկերացում կունենանք և կկարողանանք հանրությանը ներկայացնել նաև մարզումային մարզադաշտերի մասին տեղեկություն։ Այդ ուղղությամբ վստահեցնում ենք, որ արդեն քայլեր տանում ենք: Վստահ ենք՝ լուծումները կգտնվեն ավելի վաղ, քան ստադիոնների դեպքում, քանի որ հասկանում եք, նույն մարզումային ենթակառուցվածքներն ավելի քիչ ռեսուրսներ են պահաջում։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ